
Արցախում շարունակվող հրդեհները վտանգի տակ են դնում պատմամշակութային ժառանգությունը
Արցախի արևելյան շրջաններում օրեր շարունակ տարածվող հրդեհները վերածվել են լուրջ աղետի՝ թե՛ բնության, թե՛ մշակութային ժառանգության համար։ Կրակը ոչ միայն վառել է դաշտեր ու անտառներ, այլև հասել է պատմական հուշարձաններին:
Արցախի մշակույթի նախարարության տվյալներով՝ վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև մի շարք այլ հինավուրց եկեղեցիներ ու հուշարձաններ, որոնք տարածված են հատկապես Թալիշ համայնքի շրջակայքում, Նոր Շենում, Նախիջևանիկում և Սեյդիշենում։ Ըստ տարածվող լուսանկարների և արբանյակային տվյալների՝ հրդեհներն աննախադեպ մասշտաբների են հասել՝ ընդգրկելով տարածքներ, որոնք աշխարհին հայտնի են իրենց պատմական արժեքով։
Հրդեհների հետևանքով վնասվել են Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։
Հատկապես մեծ մտահոգություն է առաջացնում Տիգրանակերտի վտանգը։ Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի կողմից և համարվում է հելլենիստական շրջանի կարևորագույն կենտրոններից մեկը։ Նույն կերպ, Ամարասի վանքը, որը հնագույն քրիստոնեական կենտրոն է և Մեսրոպ Մաշտոցի գործունեության մի հատվածի վկայություն, այսօր կանգնած է կրակի ճիրաններում։
Այս ամենը տեղի է ունենում մի տարածքում, որտեղից Արցախի հայ բնակչությունն արդեն բռնությամբ տեղահանվել է։ Ադրբեջանի Հանրապետությունն, ունենալով փաստացի վերահսկողություն այդ տարածքների վրա, միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է ապահովել այդ տարածքներում մշակութային և բնական ժառանգության պահպանումը։ Մասնավորապես՝ ըստ Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի, նման հուշարձանների ոչնչացումը կամ դրանց պահպանման նկատմամբ անտարբերությունը միջազգային իրավունքի խախտում է։
Թեև ադրբեջանական կողմը հայտարարում է, որ վերահսկում է իրավիճակը, փաստացի քայլեր հրդեհները մարելու ուղղությամբ գրեթե չկան։ Կրակի տարածման քարտեզները՝ կազմված NASA LANCE/FIRMS համակարգի միջոցով, վկայում են, որ հրդեհները ընդգրկել են լայնածավալ տարածքներ՝ զուգորդվելով նաև ականների պայթյուններով, ինչը ստիպում է ենթադրել՝ իշխանությունները ոչ միայն չեն շտապում հանգցնել հրդեհները, այլև չեն կատարում մշակութային ժառանգության պահպանման իրենց պարտավորությունները։