ՀայաստանՍոցիալական

Տաքսիստների «մոռացված» պարտքերը կզրոյացվեն. կառավարությունը ներում է ավելի քան 1 միլիարդ դրամ պարտք

Տարիներով կուտակված տուգանքներն ու տույժերը, որոնք դարձել էին հարյուրավոր տաքսիստների գլխացավանքը, այլևս անցյալում են։ Կառավարությունը որոշել է ներել 1 միլիարդ 342 միլիոն դրամի պարտք, որը գոյացել էր դեռ 2015–2019 թվականների ընթացքում։ Այս մասին որոշում կայացվեց գործադիրի այսօրվա նիստում։ Պարտքի մարման այս գործողությունն ընդգրկում է ինչպես 930 մլն դրամի չվճարված տուրքեր, այնպես էլ դրանց վրա հաշվարկված 415 մլն դրամի տուգանքները ու տույժերը։

Տարիներ շարունակ տաքսիստները ստիպված էին պետական տուրքեր վճարել՝ գործունեությունը օրինականացնելու համար։ Սակայն շատերը այդ գումարները չէին վճարում՝ տնտեսական ծանր պայմանների, անկայուն եկամտի և համակարգի թերի կառավարման պատճառով։ 2019 թվականից հին տուրքերը դադարեցին գործել, բայց պարտքերը մնացին։ Տարիների ընթացքում այդ պարտքերին կուտակվել են բարձր տույժեր, որոնք ի վերջո հասցրել են ընդհանուր պարտքը ավելի քան 1.3 միլիարդ դրամի։

Կառավարությունը հայտարարում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով 2024 թվականից ուժի մեջ մտած տուրքերի նոր համակարգը։ Այժմ գործում է ավելի պարզեցված և թվայնացված հարկման մոդել, որը ենթադրում է 3.5% տուրք կանխիկ վճարումների դեպքում 2025-ից, 5%՝ 2026-ից։ Եթե վճարումը արվում է անկանխիկ, ապա տոկոսները ցածր են՝ համապատասխանաբար 2.5% և 4%։

ՊԵԿ-ի հաշվարկներով՝ նոր համակարգի ներդրումից հետո՝ 2024-ի սեպտեմբերից մինչև 2025-ի ավարտը, միայն այս ոլորտից պետությունը ակնկալում է մոտ 330 մլն դրամի մուտք բյուջե։