
Դիլիջան և Իջևան համայնքներին վերադարձվել են երկու մանկապարտեզների շենքեր
Տավուշի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակում համայնքներին և պետությանը պատճառված վնասի մի մասը վերականգնվել է։ Ըստ գլխավոր դատախազության՝ Դիլիջան և Իջևան համայնքներին վերադարձվել են մանկապարտեզների շենքեր՝ ընդհանուր մոտ 130 միլիոն դրամ կադաստրային արժեքով։
Դիլիջանում համայնքին վերադարձվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891.1 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 85 միլիոն 935 հազար դրամ։
Իջևանում Խաշթառակ գյուղի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող 198.45 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը ևս վերադարձվել է համայնքին։ Այն գնահատվում է 44 միլիոն 121 հազար դրամ։
Նույն ժամանակահատվածում քրեական վարույթներով վերականգնվել է 39 միլիոն 811 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական մասնակցությամբ ընկերությանը վերադարձվել է 5 միլիոն 110 հազար դրամ արժեքով 191.1 մետր երկարությամբ խողովակաշար։