ՀայաստանՍնունդ

Հայկական խոհանոցը կդառնա պետական պաշտպանությամբ մշակութային ժառանգություն

Հայաստանում նախատեսվում է պետական մակարդակով պաշտպանել և պահպանել ազգային խոհանոցի արժեքները։ Այս մասին հայտարարեց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ արդեն շրջանառության մեջ է դրվել «Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգը», որտեղ հայկական խոհանոցը դիտարկվում է որպես պետական մշակութային ժառանգություն։ ԿԳՄՍ նախարարության առաջարկով ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավված են ազգագրագետներ, կրթության և մշակույթի ոլորտի մասնագետներ։ Մամուլյանը նշել է, որ յուրաքանչյուր ճաշատեսակ կունենա իր աձնագիրը՝ բոլոր անհրաժեշտ պարամետրերով։ Դրանք կդառնան պետական սեփականություն, իսկ հետագայում կտպագրվի համապատասխան հանրագիտարան։

Նա նաև ընդգծել է, որ ընթանում են քննարկումներ ազգային խոհանոցի կատալոգ կազմելու վերաբերյալ, որի համար քաղաքացիները կարող են կիսվել իրենց տեղեկություններով ու բաղադրատոմսերով։ Արդեն իսկ հավաքագրվել է մեծածավալ նյութ, տպագրվել են գրքեր, այդ թվում՝ վերատպվել է Արամ Փիլուզյանի խմբագրած 1963 թվականի «Ազգային խոհանոց» գիրքը։

Աշխատանքներում ներգրավված է նաև Հայաստանի ազգագրության թանգարանը։

Ադրբեջանը տարիներ շարունակ տարբեր հայկական ավանդական ուտեստներ ներկայացնում է որպես «ադրբեջանական», և դա անում է միջազգային հարթակներում՝ փորձելով ձևավորել սեփական ազգային բրենդ։ Պաշտոնական փաստաթղթերի առկայությունը միջազգային մակարդակով կպաշտպանի հայկական խոհանոցը նման հավակնություններից։ Ադրբեջանը «իրենով է արել» ղափաման, տոլման, գաթան և այլն։