
Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստանում ձևակերպել էլեկտրոնային ստորագրություն
Ռուսաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են Հայաստանում, այժմ կարող են ձևակերպել որակավորված էլեկտրոնային ստորագրություն։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը։
Էլեկտրոնային ստորագրությունը թույլ է տալիս հեռակա կարգով օգտագործել բազմաթիվ ծառայություններ՝ առանց Ռուսաստանում գտնվելու։
Դրա օգնությամբ կարելի է տանից նստած թղթեր ստորագրել, բանկում հաշիվ բացել, գույքի հարցեր լուծել կամ մասնակցել աճուրդների։
Ապագայում այն կգործի նաև Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության և Սոցիալական հիմնադրամի հետ կապվելու համար։
Գրանցվելու համար անհրաժեշտ է նախապես հայտ թողնել «Основание» հավատարմագրված հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում։ Դրանից հետո քաղաքացին կարող է այցելել Երևանի գրասենյակ, որը գտնվում է Արգիշտի փողոց 7 հասցեում՝ «Դոմ Մոսկվա»-ի տարածքում։
Այս հնարավորությունն այժմ հասանելի է նաև Ղազախստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում։
Ծառայությունը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր աշխատում են ռուսական կազմակերպությունների հետ, ունեն սեփականություն Ռուսաստանում կամ ցանկանում են օգտվել պետական էլեկտրոնային հարթակներից՝ առանց անձամբ այնտեղ լինելու։