
Օգոստոսի 2-ին Երևանում գրանցվել է նոր ջերմաստիճանային ռեկորդ
Օգոստոսի 2-ին Երևանում գրանցվել է տարվա ամենաշոգ օրերից մեկը։
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության՝ ժամը 17:00-ի սահմաններում քաղաքի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է +41.9 աստիճանի՝ գերազանցելով 2000 թվականին գրանցված +40.8 աստիճանի նախկին առավելագույն ցուցանիշը։
Նմանատիպ աննախադեպ բարձր ջերմաստիճաններ արձանագրվել են նաև այլ բնակավայրերում։ Արենիում գրանցվել է +42.6 աստիճան, ինչն անցել է 2011 թվականին արձանագրված 40 աստիճանի ռեկորդը։ Արտաշատում օդը տաքացել է մինչև +40.9 աստիճան՝ նախորդ՝ 40.7 աստիճան ռեկորդը դարձնելով անցյալ։ Նույնպիսի փոփոխություն նկատվել է Ապարանում, որտեղ ջերմաստիճանը հասել է +33.5 աստիճանի՝ գերազանցելով մինչ այդ ունեցած առավելագույն՝ 32.2 աստիճան ցուցանիշը։
Շոգ եղանակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։ Մասնագետները հորդորում են խմել առատ ջուր, նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը, հրաժարվել գազավորված հյութերից և հնարավորինս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Առաջարկվում է նաև սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը հատկապես օրվա ամենաշոգ ժամերին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն։
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում կանխատեսվում է արևոտ և չոր եղանակ՝ առանց տեղումների։ Ջերմաստիճանի նվազում չի սպասվում։