
Կեղծ դիպլոմներով բուժաշխատողներ․ վտանգվա՞ծ է հիվանդի անվտանգությունը
2024-2025 թվականների ընթացքում Հայաստանում բացահայտվել է 14 դեպք, երբ բուժաշխատողները մասնագիտական գործունեություն են իրականացրել կեղծ դիպլոմներով ու վկայականներով։ Այս մտահոգիչ տվյալը տրամադրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ շեշտելով, որ նրանք նույնիսկ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր են ստացել ու աշխատել առողջապահական համակարգում։
Խնդիրը միայն փաստաթղթերի կեղծումը չէ. խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր, չունենալով պատշաճ կրթություն, հայտնվել են հիվանդների կյանքի ու առողջության պահպանման պատասխանատու դիրքերում։ Սա լրջագույն ռիսկեր է առաջացնում թե՛ բուժառուների, թե՛ ողջ համակարգի վստահության մակարդակի համար։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ բոլոր դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին։ Միաժամանակ, միջնորդություններ են ուղարկվել համապատասխան լիազոր մարմնին՝ կեղծ փաստաթղթերով աշխատող անձանց մասնագիտական գործունեության կասեցման և նրանց տրված հավաստագրերի ուժը կորցրած ճանաչելու առաջարկով։