
Օգոստոսի ընթացքում Արեգակի վրա գրանցվել է արդեն չորրորդ հզոր բռնկումը
Օգոստոսի 5-ի գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել օգոստոս ամսվա ընթացքում արդեն չորրորդ հզոր բռնկումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Ըստ մասնագետների՝ այս բռնկումը դասվում է ուժեղ M կարգի պայթյունների շարքին, որն արձանագրվել է 3354 ակտիվ արեգակնային բծի շրջանում։ Տվյալ բռնկումն ուղեկցվել է խիստ ռենտգենյան ճառագայթմամբ, որի հետևանքով ժամանակավորապես խափանվել է ռադիոկապը Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի որոշ հատվածներում։
Արեգակի վրա բռնկումների ակտիվությունը վերջին շաբաթների ընթացքում ակնհայտորեն աճել է, ինչը մասնագետներն արդեն որակում են որպես արեգակնային մագնիսական ցիկլի առավել ակտիվ փուլ։ Դրանք, որպես կանոն, ուղեկցվում են պլազմայի հզոր արտանետումներով, որոնք կարող են հասնել Երկրին՝ առաջացնելով երկրամագնիսական փոթորիկներ։
Ինստիտուտի զեկույցում նշվում է, որ առաջիկա օրերին հնարավոր են նաև նոր բռնկումներ, ինչը կարող է ազդել ռադիոկապի, արբանյակային հաղորդակցության, ինչպես նաև էլեկտրամատակարարման համակարգերի վրա։
Նշենք, որ Արեգակի վրա մագնիսական բռնկումները պարբերական բնույթ ունեն և կազմում են մոտ 11-ամյա ցիկլ, որի ընթացքում ակտիվության պիկը ուղեկցվում է ավելի հաճախակի և ուժեղ պայթյուններով։ Ըստ գիտնականների՝ ներկայիս պիկը կարող է շարունակվել նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում։