ՀայաստանՄշակույթ

Ջենիֆեր Լոպեսը Հայաստան այցելությունից հետո իր հետ տարել է հնագույն հայկական կուժ

Ամերիկացի փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայացած ելույթից հետո նոր և ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել։ Հայկական մշակույթը ներկայացնելու նպատակով հայ արհեստավորների կողմից պատրաստված զարդերն ու գորգերը նրան հանձնվել են նվերի տեսքով, սակայն դրանց հետ մեկտեղ Լոպեսը իր հետ տարել է նաև արժեքավոր հնագիտական առարկա՝ 19-րդ դարի հայկական կավե կուժ։

Նվերների հավաքածուն ձևավորվել էր մանրակրկիտ մտածված ծրագրով։ «Նարեկածին» ազգային զարդերի արհեստանոցից հայտնում են, որ երգչուհուն հանձնվել է Վան-Վասպուրականի ոճով պատրաստված վզնոց և ականջօղեր։ Դրանք ներկայացվել էին ոչ պատահական տարրի՝ հնագույն Վանի կուժի վրա։ Հենց այդ կուժն էլ, ըստ երևույթին, երգչուհու մոտ խոր տպավորություն է թողել։

Ըստ արհեստանոցի հրապարակման՝ կավե այդ կուժը նախապես նախատեսված չէր որպես նվեր, այլ սրահում դրվել էր զարդի գեղագիտական ներկայացման համար։ Բայց Լոպեսը, հավանելով դրա տեսքն ու նշանակությունը, որոշել է այն ևս վերցնել իր հետ։ Նրան նաև նվիրաբերվել է «Թուֆենկյան» ընկերության կողմից պատրաստված հայկական գորգ։

Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում կայացավ օգոստոսի 3-ին՝ «Up all night» շրջագայության շրջանակում։ Նշենք, որ սա երգչուհու առաջին այցն էր Հայաստան։