
Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը դեղնել է․ ո՞վ է պատասխանատուն
«Հանրապետական» մարզադաշտում անցկացված Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո խոտածածկը դեղնել է, իսկ ֆուտբոլային երկրպագուները բարձրաձայնում են այն հարցը, որը, ըստ իրենց, կասեցնում է ոչ միայն տեղական խաղերի անցկացումը, այլ նաև հարված է Հայաստանի միջազգային սպորտային հեղինակությանը։
Մարզադաշտի լուսանկարները հրապարակել է «Առաջին հայկական ճակատի» (ՖԱՖ) հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը՝ ընդգծելով, որ խոտածածկը լուրջ վնասված է։ Նա հարց է բարձրացնում․ ովքե՞ր են պատասխանատու այս որոշման համար և ինչո՞ւ է համերգն ի վերջո տեղափոխվել հենց «Հանրապետական»՝ այն դեպքում, երբ Սնուպ Դոգի համերգը նախապես պլանավորվել էր «Հրազդան» մարզադաշտում։
Ջանջոյանը մտահոգված է. «Տարիներ շարունակ ոչինչ չի արվել մարզադաշտի բարեկարգման համար, բայց մի քանի ժամվա միջոցառմամբ ամեն ինչ կարելի է ոչնչացնել։ Այդ խոտածածկին 17-18 տարի ոչ մի համերգ չի եղել։ Իսկ հիմա՝ մեկ համերգից հետո, խաղադաշտը նման է կարտոֆիլի դաշտի»։
Համերգի ժամանակ հանդիսատեսը կանգնած չի եղել անմիջապես խոտի վրա, այլ հատուկ պաշտպանիչ ծածկույթի։ Սակայն՝ այդ մեթոդը կիրառելի է միայն ժամանակակից տեխնոլոգիական մարզադաշտերում, իսկ «Հանրապետական» մարզադաշտը այդ մակարդակի չէ։ Բացի այն, որ խոտածածկը դեղնել է, հնարավոր է՝ վնասվել են նաև ջրահեռացման և ոռոգման համակարգերը։
Ջանջոյանը հիշեցնում է, որ սա պարզապես մի մարզադաշտ չէ։ Սա Հայաստանի միակ UEFA-ի 4-րդ կարգի մարզադաշտն է՝ այն եզակի վայրերից, որտեղ կարող են անցկացվել միջազգային՝ Եվրալիգայի փլեյ-օֆֆի մակարդակով հանդիպումներ։
Արդյոք որևէ մեկը պատկերացնում է Ռոնալդուին՝ իր թիմով և երկրպագուներով, խաղադաշտում, որի խոտածածկը գրեթե վերացել է։ Սա միայն ֆուտբոլի, ոչ թե ամբողջ երկրի իմիջի խնդիրն է, – նշել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ ապրիլի 1-ին՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով տեղի ունեցած ակցիաների ժամանակ ձերբակալվել են 9 երկրպագուներ՝ «մասսայական խուլիգանության» հոդվածով։ Այժմ, երբ այդ մարզադաշտում ավերվել է ողջ խաղադաշտի խոտածածկը, ՖԱՖ-ը շեշտում է.
Երբ երկրպագուներին ձերբակալում էին, ստադիոնը բողոք էր ներկայացրել՝ նշելով, որ վնասվել են ընդամենը 20-30 սմ խոտ։ Իսկ հիմա նույն մարզադաշտում անցկացվում է համերգ, որը կարող է ավերել ամբողջ համակարգը, և բոլորը լռում են։
Թե արդյոք համերգի կազմակերպիչները կամ համապատասխան պետական կառույցները պատրաստ են վերականգնել պատճառած վնասը՝ դեռ հստակություն չկա։