ՀայաստանՏնտեսություն

Լուծարվում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին

Երևանում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտին շուտով կդադարի գոյություն ունենալուց։ Հայաստանի կառավարությունը որոշել է այլևս չերկարաձգել ԱՏԳ-ի գործունեության ժամկետը։ Դրա մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 7-ին կայացած նիստում։

«Ալյանս» ԱՏԳ-ն ստեղծվել էր դեռևս 2013 թվականին՝ «ՌԱՕ ՄԱՐՍ» գործարանի և «Մերգելյան» ինստիտուտի տարածքում։ Նպատակն էր խթանել արտադրությունն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։ Սկզբնական ծրագրով այն պետք է գործեր 10 տարի, սակայն հետագայում ժամկետը երկարաձգվեց ևս երկու տարով՝ մինչև 2024 թվականը։

2025–2035 թվականների համար նախաձեռնող կողմը նոր ծրագիր է ներկայացրել՝ առաջարկելով ԱՏԳ-ի գործունեությունը երկարաձգել ևս 10 տարով։ Սակայն ծրագիրը չհամոզեց համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին։ Արձանագրվել է, որ հանձնաժողովի երեք անդամ այն գնահատել են 60 միավորից ցածր՝ ինչը շեմն անցնելու ցուցանիշն է։

Ըստ կանոնակարգի՝ եթե թեկուզ երեք մասնագետ բացասական եզրակացություն է տալիս, ապա ծրագիրը հաստատման ենթակա չէ։ Հետևաբար, հանձնաժողովը մերժել է առաջարկը, իսկ կառավարությունն ընդունել է ԱՏԳ-ի լուծարման որոշումը։

Հանձնաժողովը դեռևս չի ներկայացրել, թե ինչը չի բավարարել շեմն անցնելու ցուցանիշինի։ Արդյոք բիզնես ծրագիրն էր թո՞ւյլ, թե՞ գաղափարը ժամանակակից պահանջներին չէր համապատասխանում։ Որոշումը նաև նոր հարցեր է ծնում։ Ինչպե՞ս կօգտագործվեն ազատված տարածքները և կստեղծվե՞ն նոր ծրագրեր այդ հատվածում, թե ամեն ինչ կմնա կիսադատարկ։