ՀայաստանՄշակույթ

Կառավարությունը լուծարում է Կապանի և Կոտայքի մշակութային կենտրոնները

Հայաստանի մշակութային քարտեզը երկու կենտրոնով պակասելու է։ Կառավարությունը որոշել է լուծարել «Կապանի մշակույթի կենտրոն» և «Կոտայքի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ները՝ պատճառաբանելով ֆինանսավորման դադարեցմամբ և ծրագրերի ցածր արդյունավետությամբ։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ 2025 թվականի բյուջետային հայտում սպասվող ֆինանսավորում նախատեսված չէ, հետևաբար՝ այս հաստատությունների պահպանման համար պետական միջոցներ չեն տրամադրվելու։ Բայց խնդիրը միայն ֆինանսական չէ։ Նախարարության մոնիտորինգը ցույց է տվել, որ այս երկու մշակութային կենտրոնների կողմից իրականացվող միջոցառումները բավարար որակ չեն ապահովել, չեն նպաստել համայնքների մշակութային կյանքի թարմացմանը և նոր գեղագիտական մոտեցումների ձևավորմանը։

Բացի այդ, արձանագրվել է, որ ներկայացվող ծրագրերը կրկնում են նախորդ տարիների բովանդակությունը՝ առանց նոր գաղափարների կամ ստեղծագործական փոփոխությունների։ Հիմնականում դրանք իրականացվել են ընդամենը երկու աշխատակցի միջոցով։ Այս ամենի ֆոնին՝ որոշումը տրվել է՝ հիմք ընդունելով ինչպես բովանդակային, այնպես էլ տնտեսական փաստարկներ։

Սպասելի հարցն արդեն հնչում է․ ի՞նչ կփոխի այս լուծարումը համայնքներում։ ԿԳՄՍ նախարարությունը վստահեցնում է, որ Կապանում և Հրազդանում մշակութային կյանքը չի խաթարվի։ Հրազդանում գործում են Դրամատիկական թատրոնը և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, իսկ Կապանում՝ ութ այլ մշակութային ու կրթամշակութային հաստատություններ։

Հիշեցնենք, որ երկու կենտրոններն էլ ստեղծվել էին դեռ 2002 թվականին՝ կառավարության որոշմամբ։ Այս որոշումը կարող է դառնալ ավելի լայն մշակութային քննարկման առիթ․ որո՞նք են արդյունավետ մշակույթի քաղաքականության չափանիշները, և պետությունը պե՞տք է աջակցի բոլոր մշակութային կենտրոններին, թե՞ միայն նորարար ու մեծ ծրագրեր իրականացնողներին։