ՀայաստանՍպորտ

Վանաձորում 13․000 նստատեղով ֆուտբոլի մարզադաշտ կվերակառուցվի

Վանաձորում շուտով կսկսվի ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցում։ Այն պետք է համապատասխանի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի պահանջներին։ Այս որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության վերջին նիստում։ Աշխատանքները նախատեսվում են սկսել 2026 թվականի կեսից։

2029 թվականին Հայաստանում ու Վրաստանում անցկացվելու է ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մինչ այժմ Վանաձորում գործում է հին մարզադաշտ՝ ընդամենը 3000 նստատեղով։ Այն շահագործման ենթակա չէ՝ շինարարական և տեխնիկական լուրջ խնդիրներով։ Նախարարությունն առաջարկել է վերակառուցել այս մարզադաշտը՝ ավելացնելով առնվազն 10․000 նստատեղ ունեցող տրիբունա։ Ծրագիրը իրականացնելու համար նախարարությունն ընտրել է «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերությանը։ Այն առաջարկել է 593,040 եվրո։ Նախագիծը կմշակվի առաջիկա 8 ամսում։ Շինարարությունը կտևի մոտ 2 տարի։

Դեռ նախորդ տարվա հունիսի ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարել էին՝ ընդունելու ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը (Մ-20)։ ՀՖՖ նախագահն այդ ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունն աշխարհի առաջնությանն ընդառաջ հաստատված նախագծով առնվազն 2 մարզադաշտ կառուցելու ծրագիր ունի։ Մեկը լինելու էր Վանաձորում, ինչի մասին այսօր հաստատվեց, իսկ մյուսը՝ Դիլիջան-Իջևան հատվածում։ Սակայն երկրորդ մարզադաշտի մասին դեռևս որոշում ու քննարկումներ չկան։

Մելիքբեկյանը հայտարարել էր, որ Հայաստանը, ըստ նախնական ծրագրի, կօգտագործի 4 մարզադաշտ: Եթե հաշվի առնենք, որ կառավարությունը 2 մարզադաշտ կկառուցի, «Հանրապետական» մարզադաշտն էլ ևս կօգտագործվի, ապա չորրորդ մարզադաշտ Հայաստանում այդ կարգի դեռևս չկա։ Ազգային մարզադաշտի ծրագրի մասին աշխխատանքներ էլ դեռևս սկսված չեն։