
Քաղաքապետարանը 450 մլն դրամ է ուղղել մանկապարտեզների տեխնիկական ու կրթական հագեցմանը
Վերջին հինգ տարիների ընթացքում Երևանի մանկապարտեզների պայմանների բարելավման համար ծախսվել է շուրջ 450 միլիոն դրամ։ Այս միջոցներով ձեռք է բերվել խոհանոցային և կենցաղային տեխնիկա՝ սալօջախներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մի շարք մանկապարտեզներում փոխարինվել է նաև կահույքը։ Նախակրթարանները հագեցվել են նոր մանկական սեղաններով, աթոռներով, եռահարկ մահճակալներով, պահարաններով և մարզագույքով։
Բացի ֆիզիկական պայմանների բարելավումից, որոշ մանկապարտեզներում ներդրվել են նաև զարգացնող ծրագրեր։ Մասնավորապես՝ 40 մանկապարտեզում սկսվել է ռոբոտաշինության ուսուցում, տրամադրվել են ուսուցողական գրքեր և զարգացնող խաղեր։
Հայտնի չէ, թե ծրագրի շրջանակում թե՛ տեխնիկայի, թե՛ կրթական նյութերի ձեռքբերման համար որքան գումար է հատկացվել առանձին-առանձին։ Այնուամենայնիվ, քաղաքապետարանը հայտարարում է, որ ծրագիրը շարունակական է, և այն հետագայում ևս կներառի այլ նախադպրոցական հաստատություններ։