ՀայաստանՊատահար

Երևանը ծխով է պատվել․ Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Նուբարաշենի աղբավայրում այս գիշեր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մայրաքաղաքը ծխով է պատվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ, որոնք ամբողջ գիշեր իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա։

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հողային աշխատանքներ իրականացնել՝ ծխի տարածումը կանխելու համար։

Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև հուլիսի 28-ին, իսկ անցած տարի օգոստոսին հրդեհաշիջման աշխատանքները տևել էին մեկ շաբաթ։

«Երևանի քաղաքային աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Վահե Վարդապետյանի խոսքով՝ հնարավոր է, որ պատճառներից մեկը աղբավայրում կուտակված գազերն են, սակայն հստակ հաստատում այս պահին չկա։

Աղբավայրը շահագործման է հանձնվել 1950-ականներին, գտնվում է Երևանի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա և ունի 52,3 հեկտար տարածք։ Օրական այստեղ տեղափոխվում է միջինը 1000-1200 տոննա կենցաղային և այլ տեսակի աղբ։