ՀայաստանՊատահար

Քաղաքացին իր ԶԻԼ-ով գազ է տեղափոխել՝ օրենքը խախտելով

Կոտայքի մարզում կասեցվել է առանց անվտանգության փորձաքննության շահագործվող շարժական գազալցակայան։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Աբովյանի Գեղաշեն բնակավայրի մուտքի մոտ ստուգումներ է իրականացրել «Արման Եղիազարյան» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի, 37 BP 331 համարանիշով շարժական լցակայանի նկատմամբ։ Պարզվել է, որ քաղաքացին իր ավտոմեքենայով շարժական մեթան գազ է մատակարարել բնակիչներին։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ լցակայանը, որտեղ տեղադրված են եղել մեթան գազով ավտոմեքենաներ լիցքավորելու կուտակիչներ և սարքավորումներ, շահագործվել է առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության և գրանցված չի եղել վտանգավոր օբյեկտների ռեեստրում։

Տեսչական մարմնի գնահատմամբ՝ սա անմիջական վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև կարող է հանգեցնել հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի։ Այդ պատճառով լցակայանի աշխատանքը արգելվել է, իսկ մեքենան՝ կապարակնքվել։