
Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 երեխա մեկնել է Հունգարիա ամառային ճամբարի
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա մեկնեց Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Այս տարի ճամբարին մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ մարզպետարաններից և համայնքապետարաններից։
Մասնակիցներին «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Ծրագիրը կազմակերպվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով՝ սկսած նախորդ տարուց։ Համակարգողն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ այս տարի համագործակցելով Կոտայքի մարզպետարանի և «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի հետ։
2024 թվականին Զանկայի Էրժեբեթ ճամբարին մասնակցել էր ԼՂ-ից տեղահանված 8-ից 14 տարեկան 120 երեխա։ Ծրագիրը շարունակական է և նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ շուրջ 1000 երեխա կկարողանա մասնակցել ամառային ճամբարին։