
Քանի՞ հայ գերի է պահվում Ադրբեջանում․ նոր քննարկումների փուլին նոր սկանդալ
Ադրբեջանում այս պահին պահվում է 23 հաստատված հայ գերի և պատանդ։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հրապարակած պաշտոնապես հաստատված ցուցակում ընդգրկված են 6 քաղաքացիական գերի, 9 ռազմագերի և 8 քաղաքական բանտարկյալ։
Բեգլարյանի խոսքով՝ այս մարդկանցից 7-ը արդեն դատապարտվել են շինծու մեղադրանքներով և կրում են իրենց անհիմն «պատիժը», իսկ մնացած 16-ի դեմ ընթացքի մեջ են շինծու դատավարություններ։ Նա ընդգծում է, որ վերջին օրերին Բաքվում պահվող հայերի թեման նորից ակտիվացել է, սակայն համացանցում շրջանառվող չճշտված և սխալ ցուցակները լրացուցիչ ցավ ու տառապանք են պատճառում թե՛ գերիների, թե՛ անհայտ կորածների ընտանիքներին։
Նրա ներկայացրած ցուցակում նշված են բոլոր այն անձանց անունները, որոնց գերեվարումը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանը։ Քաղաքացիական գերիների մեջ են մտնում Վիգէն Էօլճեքճեանը, Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիֆ Խաչատրյանը, Ռաշիդ Բեգլարյանը, Մադաթ Բաբայանը, ռազմագերիների մեջ՝ Ալյոշա Խոսրովյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Դավիթ Ալավերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գուրգեն Ստեփանյանը։ Քաղաքական բանտարկյալների մեջ արդեն մտնում են Արցախի նախկին ղեկավարները՝ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակիյանը, Արայիկ Հարությունյանը և Դավիթ Իշխանյանը։ Այս ցանկը նաև օգտագործվում է պատանդների ազատման ուղղությամբ ընթացող աշխատանքներում։
Նա հավելել է, որ բոլորի պարագաներում կիրառելի են թե՛ «պատանդ», թե՛ «գերի» եզրույթները․ պատանդ, քանի որ ալիևյան ռեժիմը նրանց ազատելու համար պահանջում է քաղաքական և այլ զիջումներ Հայաստանից կամ միջնորդող պետություններից, և գերի, քանի որ նրանց ազատազրկումը պայմանավորված է հակամարտության ընթացքում ու դրա հետևանքով։
Սակայն հարկ է նշել նաև, որ 2020-2023 թվականների ադրբեջանական ագրեսիաների հետևանքով Հայաստանը և Արցախը ունեն շուրջ 80 բռնի անհետացած անձինք, որոնց գերեվարման փաստը ապացուցված է, սակայն Ադրբեջանը հրաժարվում է հաստատել նրանց գտնվելու վայրը։ Բացի այդ, ավելի քան 200 մարդ համարվում է անհայտ կորած, սակայն նրանց թվի շուրջ տարբեր կառույցներ և կազմակերպություններ ներկայացնում են տարբեր տվյալներ։
Նշենք, որ վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Ջոել Թեննի կազմած ցուցակը, որտեղ նշված 23 գերիների անունները չէին համապատասխանում Հայաստանում հնչեցված անուններին և բուռն քննարկումների առիթ էին դարձել։ Ըստ Վաշինգտոնյան բանակցությունների 9-րդ կետ, կողմերը պարտավորվում են հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերով զբաղվել։