ԱշխարհԳիտություն

Չորս տիեզերագնացներ  վերադարձան Երկիր՝ հինգ ամիս տիեզերքում անցկացնելուց հետո                    

Օգոստոսի 10-ին ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Ռուսաստանից չորս տիեզերագնաց բարեհաջող վերադարձան Երկիր՝ հինգ ամիս տիեզերում անցկացնելուց հետո։ Նրանք իրենց ճանապարհը ավարտեցին SpaceX ընկերության տիեզերանավով, որը վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսի ջրերում՝ Կալիֆորնիայի ափերի մոտ։ Սա վերջին 50 տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ NASA-ի տիեզերագնացներն այսպիսի վայրում են վայրէջք կատարում։

Թիմը բաղկացած էր երկու ամերիկացի տիեզերագնացներից՝ Աննա ՄքՔլինից և Նիքոլ Այերսից, մեկ ճապոնացուց՝ Տակույա Օնիշինից, և մեկ ռուսաստանցուց՝ Կիրիլ Պեսկովից։ Նրանք մարտ ամսին մեկնեցին տիեզերք՝ միանալով միջազգային տիեզերակայանին, որտեղ անցկացրին շուրջ 146 օր։ Այս ժամանակահատվածում նրանք կատարեցին գիտական փորձարկումների մեծ քանակություն՝ ուսումնասիրելով բույսերի աճը, ճառագայթների ազդեցությունը մարդու և այլ օրգանիզմների վրա, ինչպես նաև մարդու մարմնի փոփոխությունները տիեզերքում։

Թիմը փոխարինեց Boeing ընկերության տիեզերանավով տիեզերքում մնացած երկու ամերիկացի տիեզերագնացներին, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով երկար մնացին տիեզերքում ։ NASA-ն որոշեց Starliner տիեզերանավը վերադարձնել առանց անձնակազմի և նոր թիմ ուղարկել SpaceX-ի միջոցով։

Վերադարձի գործընթացը սկսվեց օգոստոսի 8-ին, և հաջորդ օրը տիեզերանավը հաջողությամբ հեռացավ տիեզերակայանից ու վայրէջք կատարեց կանխորոշված վայրում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերում։ NASA-ի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այս առաքելությունն օգնում է գիտական նոր հայտնագործությունների և հետագա տիեզերական ծրագրերի իրականացմանը։

Սեդա Մարտոյան