
Ինչո՞ւ է սուրճը Հայաստանում թանկանում
2024 թվականի դրությամբ Հայաստան ներկրվել է շուրջ 13 հազար տոննա սուրճ, որը գնահատվում է շուրջ 61 հազար դոլար։ Ներկրման այս մեծ ծավալներից արտահանվել է շուրջ 3 հազար տոննա, ինչը վկայում է սուրճի բարձր պահանջարկի մասին։ 2025 թվականին Հայաստանում սուրճի մանրածախ գները տատանվում են՝ կախված տեսակից, որակից և վաճառքի կետից։ Ընդհանուր առմամբ, սուրճի գները միջինում կազմում են մոտ 6,670-ից մինչև 13,341 դրամ՝ 1 կիլոգրամի համար։
Սուրճի գները վերջին տարիներին զգալի տատանումներ են արձանագրել։ Վերջին վեց տարվա ընթացքում սուրճի արժեքը Հայաստանում աճել է։ Խիստ թանկացումներ նկատվել են մինչև 2023 թվականը, օրինակ՝ 2021թվականի համեմատ՝ 2023 թվականին աճել են 30 տոկոսով։ Այժմ տատանումները կայունացել են։
Սուրճի արժեքի տատանումները Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, ուղղակիորեն կախված են համաշխարհային տնտեսական պայմաններից, ինչպես նաև կլիմայական փոփոխություններից և աճող պահանջարկից։
Մի շարք կլիմայական գործոններ, հատկապես Բրազիլիայում տեղի ունեցող բնական աղետները, ունեն մեծ ազդեցություն սուրճի գների վրա։ 2024 թվականի դրությամբ՝ դեպի Հայաստան սուրճի ներկրման առաջատար երկրներից Բրազիլիան չորրորդն է՝ 545 տոննայով։ Առաջատար է Ինդոնեզիան՝ 7500 տոննա, երկրորդ տեղում Վիետնամն է՝ 2200 տոննա, և երրորդը՝ Հնդկաստանը՝ 725 տոննա։
Բրազիլիայում բնական աղետների ժամանակագրությունը համեմատելիս Հայաստանի սուրճի գների հետ՝ պարզ է դառնում, որ գները նույնպես կտրուկ աճել են 2021 թվականից, և նմանատիպ տատանումներ նկատվում են 2024 թվականից հետո։