ՀայաստանՔաղաքականություն

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը կալանավայրում վատացել է

Ազգային ժողովի ընդդիմադիր նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի առողջական վիճակը կալանավայրում վատացել է։ Նրա որդին՝ Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը, հայտնել է, որ գիշերը հորը տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն որոշ ժամանակ անց վերադարձրել են ՔԿՀ։

Ըստ նրա՝ հիվանդանոցում կիրակի օրը համապատասխան մասնագետ չի գտնվել, ինչի հետևանքով որոշվել է Հակոբյանին վերադարձնել ՔԿՀ և կրկին բերել բժշկական զննման երկուշաբթի։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը հուլիսի 18-ին ձերբակալվել էր հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ» հնչեցնելու մեղադրանքով։ Հուլիսի 19-ին դատարանը նրան կալանավորել է երկու ամսով։

Կալանավայրից հղած նամակում Հակոբյանը գրել էր, որ չի զղջում իր քաղաքական հայտարարությունների համար։