ՀայաստանՍոցիալական

France 24-ը հերքել է Աննա Հակոբյանի վերաբերյալ տարածված «միլիոնավոր դոլարների յուրացման» լուրը

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը պաշտոնապես հերքել է, թե Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իբր 3.4 միլիոն դոլար է յուրացրել «City of Smile» հիմնադրամից։

France 24-ի փոխանցմամբ` այս կեղծ լուրը տարածվել է նորաստեղծ Euleaks կայքի միջոցով։ Այն բացվել է օգոստոսի 12-ին՝ հենց հոդվածի հրապարակումից մեկ օր առաջ։ Կայքը որպես հեղինակ ներկայացրել է հեռուստաալիքի նախկին լրագրող Ջեյմս Կրիդոնին, ինչպես նաև օգտագործել է France 24-ի այլ լրագրողների անուններ, որոնք որևէ կապ չունեն այդ կայքի հետ։

Հեռուստաալիքը պարզել է, որ Euleaks-ում հրապարակված նյութերը, ամենայն հավանականությամբ, ստեղծված են արհեստական բանականության միջոցով։ Կայքում տեղադրված են միջազգային նորությունների տասնյակ հոդվածներ անգլերենով՝ իրական աղբյուր չունեցող։ France 24-ը կապ է հաստատել նաև Transparency International Armenia-ի հետ, որտեղից հայտնել են, որ Հակոբյանի վերաբերյալ հոդվածում նշված պնդումները որևէ փաստական հիմք չունեն։

Բացի այդ, հրապարակման մեջ հիշատակված փաստաբան Սերգեյ Հարությունյանը հրապարակավ հերքել է իրեն վերագրված խոսքերը՝ ընդգծելով, որ նման հայտարարություններ երբևէ չի արել։

France 24-ն այս պատմությունը համարում է Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական պատերազմի հերթական դրսևորում, հիշեցնելով, որ վերջերս ևս մեկ կեղծ կայք՝ Courrier France 24-ը, ապատեղեկատվություն էր տարածել իբր Ֆրանսիայի կողմից միջուկային թափոններ Հայաստան բերելու մասին։