
Հայաստանը չի նախատեսում 2026-ին ավելացնել ռազմական բյուջեն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի պետբյուջեում պաշտպանական ծախսերի էական աճ, հավանաբար, չի լինի։ Այս մասին նա նշեց կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարությանը։
Ավելի վաղ Հովհաննիսյանը նշել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ֆոնին կառավարությունը նախատեսում է 2026 թվականի բյուջեում նվազեցնել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը 2025 թվականի համեմատ։ Փաշինյանը ընդգծեց՝ կառավարությունը կշարունակի օպերատիվ վերլուծություն կատարել սահմանային իրավիճակի վերաբերյալ, և ցանկացած որոշում կլինի համարժեք ու հիմնավորված՝ կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացումներին համապատասխան։
Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որի շրջանակում Սյունիքի մարզով նախատեսվում է ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել՝ «Թրամփի ուղի» (TRIPP), որը Ադրբեջանին առևտրային հասանելիություն կտա Նախիջևանի ուղղությամբ։ ԱՄՆ–ը ճանապարհը վարձակալում է 99 տարով։
Օգոստոսի 19-ին Fitch Ratings գործակալությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը գնահատել էր որպես «դրական քայլ»՝ նշելով, որ աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը կարող է միջնաժամկետ հատվածում թեթևացնել Հայաստանի բյուջետային ծանրաբեռնվածությունը՝ պաշտպանական ծախսերի կրճատման հաշվին։
Հարկ է նշել, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2025 թվականին հասել է ռեկորդային $5 միլիարդի՝ նախորդ տարվա $3.77 միլիարդից ավելանալով մոտ $1.23 միլիարդով։ Այս որոշումը ընդունվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի պաշտպանության բյուջեի աճը։ Հայաստանի 2025 թվականի ռազմական բյուջեն հասել է մոտ 1.7 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը 20%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։