ՀայաստանՌազմական

Արտակ Տոնոյանը հեռացվել է Պաշտպանության նախարարությունից, որդին կալանավորվել է քրեական գործի շրջանակներում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի խոսքով՝ Տոնոյանը իր դիմումի համաձայն արձակվել է զինված ուժերի պահեստազոր և անցել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց վերջին օրերին շրջանառվող սկանդալային լուրերի ֆոնին, ըստ որոնց Տոնոյանի որդին ձերբակալվել է սպանության հոդվածով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ հնչած կրակոցներից վիրավորվել էր գյուղի բնակիչ, 24-ամյա Մամիկոն Դ․-ն։ Երիտասարդը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն հաջորդ օրը մահացել էր ստացած վնասվածքներից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և իրավապահները ձերբակալել ու կալանավորել են երեք անձի։ Կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է։ Նա ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արտակ Տոնոյանի որդին է։ Արտաշես Տոնոյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Դեպքը լայն արձագանք է ստացել՝ հաշվի առնելով թե՛ դրա ծանր հետևանքները, թե՛ գործի հետ կապված անձանց հանրային դիրքը։