Հայաստանի բանկերը ռուսաստանցիների մասին տվյալներ կհաղորդեն Մոսկվային․ ի՞նչ է փոխվում
Հայաստանի բանկերը սկսել են հարցումներ ուղարկել ռուսաստանցիներին ու նրանց հիմնած ընկերություններին՝ պարզելու, թե ովքեր են իրենց հաճախորդների հարկային ռեզիդենտները։ Սա արվում է այն բանի համար, որ առաջիկա սեպտեմբերին Հայաստանը Ռուսաստանի հետ սկսելու է ֆինանսական տվյալների ավտոմատ փոխանակում։ Այլ կերպ ասած՝ Մոսկվայի հարկային ծառայությունը կտեսնի, թե Հայաստանում հաշիվ ունեցող ռուսաստանցիներն ու նրանց ընկերությունները ինչպիսի եկամուտներ ու ակտիվներ ունեն։
Եթե քաղաքացին կամ ընկերությունը չտրամադրի պահանջվող տվյալները, բանկերը կարող են պարզապես կասեցնել հաշիվների սպասարկումը։ Այս պահանջները վերաբերում են ոչ միայն անձնական հաշիվների տերերին, այլև ընկերությունների իրական վերահսկողներին ու շահառուներին։
Ֆինանսական փորձագետները նշում են, որ վերջին տարիներին Հայաստանը դարձել է ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունը՝ արտասահմանյան հաշիվներ բացելու համար։ Մասնավորապես՝ այստեղ բացված հաշիվներով նրանք իրականացնում են միջազգային փոխանցումներ՝ կապված արտահանման ու ներմուծման հետ։
Հայաստանը 2023-ին վավերացրեց ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին բազմակողմ համաձայնագիրը և այս տարվանից սկսել է տվյալների փոխանցում։ Ռուսաստանը նման համակարգին միացել էր դեռ 2016-ին, իսկ փոխանակումները սկսել էր 2018-ից։ Այսպիսով՝ 2025-ի սեպտեմբերից ռուսաստանցիների հայկական հաշիվներն արդեն թափանցիկ կլինեն Ռուսաստանի հարկային մարմինների համար։
