
Դատավորի օգնականն ու հայցվորները ձերբակալվել են կաշառքի գործով
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականն ու երկու հայցվորներ կաշառքի գործով հայտնվել են կալանքի տակ։ Պարզվել է, որ դատավորի օգնականը նրանցից պահանջել է 450 հազար դրամ, իբր դատավորի անունից՝ իրենց օգտին վճիռ ապահովելու համար։ Հետագայում «սակարկելով» գումարը իջեցրել է մինչև 350 հազար դրամ։
Գործը վերաբերում էր գյուղատնտեսական նշանակության երկու հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելուն։ Սկզբում հայցվորները մերժել էին նման առաջարկը, և ապրիլի 1-ին դատարանը մերժել էր նրանց հայցը։ Բայց արդեն ապրիլի 10-ին դատարանի շենքի մոտ օգնականը նրանցից վերցրել է 350 հազար դրամը՝ խոստանալով նոր հայց ներկայացնել և ապահովել բարենպաստ վճիռ։
Տվյալները ձեռք են բերվել Քրեական ոստիկանության կողմից, որոնք փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Այստեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ դատավորի օգնականն ու հայցվորները ձերբակալվել են և ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։