
Թանկարժեք մետաղների առուվաճառքը խստացվում է․ ուժի մեջ են մտել նոր պահանջներ
Ուժի մեջ են մտել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերելու են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որակի վերահսկմանը և առուվաճառքի կանոններին։ Նոր դրույթների նպատակը շուկայի ավելի թափանցիկ գործունեությունն ապահովելն է և սպառողների իրավունքների պաշտպանությունը։
Փոփոխությունների համաձայն՝ թանկարժեք մետաղներից պատրաստված բոլոր իրերը պետք է ունենան ոչ միայն հարգադրոշմ, այլև անվանանիշ և տարբերանիշ։ Առանց այս նշանների մանրածախ կամ մասնագիտացված առուվաճառք իրականացնելու իրավունք չի տրվի։ Սա նշանակում է, որ թե՛ գնորդը, թե՛ վաճառողը պետք է վստահ լինեն, որ յուրաքանչյուր զարդ կամ իր համապատասխանում է սահմանված չափանիշներին։
Եթե պարզվի, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա նշանները բացակայում են կամ չեն համապատասխանում օրենքի պահանջներին, դրանց հարգորոշումն ու հարգադրոշմումը կազմակերպելու պարտականությունը դրվելու է հենց վաճառողի վրա։ Նա պետք է կատարի այդ գործընթացը սեփական միջոցներով, նախքան ապրանքը շուկա հանելը։