ՀայաստանՏեխնոլոգիա

Հայաստանում 5G կապի անվան տակ արձանագրվել է խարդախության 19 դեպք

Հայաստանում 5G կապի անցման հետ կապված 2025 թվականի հունվարից մինչև օգոստոս գրանցվել է 19 խարդախության դեպք։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ բոլոր դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացրել է, որ հեռախոսային խաբեբայությունը վերջին շրջանում ակտիվացել է։ Չարագործները զանգահարում են քաղաքացիներին և առաջարկում անցնել 5G կապի կամ ներկայացնում են, թե զանգում են բանկից։ Բոլոր դեպքերում առաջարկվում է կապ հաստատել WhatsApp–ի միջոցով, կատարել որոշ գործողություններ կամ ներբեռնել հավելված։

Արդյունքում խարդախները հեռակա հասանելիություն են ստանում տվյալ անձի սարքին։ Նրանց հիմնական հետաքրքրությունը բանկային հավելվածների միջոցով դրամական միջոցների փոխանցումն է։ Հեռախոսին մուտք ունենալով՝ նրանք տեսնում են, թե ինչ է կատարվում էկրանին, ինչի շնորհիվ հեշտությամբ որսում են SMS-ով կամ ծանուցումներով եկող կոդերը և իրականացնում դրամական փոխանցումներ։