ՀայաստանՍոցիալական

Այրում կայարանում սկսվել է նոր հետիոտնային կամրջի տեղադրումը

Տավուշի մարզի Այրում կայարանում մեկնարկել են հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները։ Նախորդ կամուրջը փլուզվել էր անցած տարվա մայիսին՝ Դեբեդ գետի վարարման հետևանքով։

Նոր մետաղական կամուրջը Հայաստանին է նվիրել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Շինարարական աշխատանքները ընթանում են մեծ թափով, և շինարարների հավաստմամբ՝ կամուրջը շուտով պատրաստ կլինի։

Սա արդեն երկրորդ մետաղական կամուրջն է, որ Իրանը նվիրում է Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով։ Առաջինը տեղադրվել էր Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում։

Հիշեցնենք, որ Դեբեդ գետի 2023 թվականի մայիսյան վարարումից հետո Տավուշի և Լոռու մարզերում վնասվել էր շուրջ 15 կամուրջ։ Այս տեղեկությունը հաստատվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից։