
Կարմիրբերետավորի՝ լրագրողին հարվածելու գործը կքննվի դատարանում
Բողոքի ակցիայի ընթացքում 24news.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործը շուտով ուղարկվելու է դատարան։ Այս մասին հայտնել է լրագրողի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել բռնությամբ ծառայողական լիազորությունները չարաշահելու հատկանիշով։
Մեղադրանքը նախատեսում է 4–8 տարվա ազատազրկում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 17-ին, երբ քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել Երևան–Աշտարակ ճանապարհին։ Ոստիկանները փորձում էին բացել փողոցի երթևեկելի հատվածը և բերման ենթարկել ցուցարարներին։ Այս ընթացքում կարմիրբերետավոր Ալեքսանդր Ազարյանը արմունկով հարվածել էր լրագրող Մերի Մանուկյանին։ Դեպքից հետո կարմիրբերետավորը հեռացվել է համակարգից։
Նշենք նաև, որ դեպքից հետո մի շարք լրագրողական կազմակերպություններ և իրավապաշտպաններ ակտիվորեն բարձրաձայնում էին լրագրողի իրավունքների խախտման մասին։