
Կապանում պարտքի շուրջ վիճաբանությունը ավարտվել է դաժան սպանությամբ
Սյունիքի մարզի Կապան քաղաքում օգոստոսի 27-ին տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է 49-ամյա տղամարդու դաժան սպանությամբ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքի մասին ոստիկանությանը հայտնել է Հունան Ավետիսյան փողոցի մի բնակիչ, ով շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է մորեղբոր դիակը՝ արնաշաղախ և գլուխը վնասված։
Սպանությունը տեղի է ունեցել երեկոյան՝ ժամը 20։30-ի սահմաններում։ Նախնական տվյալներով, 49-ամյա տղամարդը և 42-ամյա համաքաղաքացին վիճաբանել են պարտքի շուրջ, որի ընթացքում վերջինս մուրճով մի քանի հարված է հասցրել տանտիրոջ գլխին, ապա խառնել տան իրերը՝ գողության տպավորություն ստեղծելու նպատակով։
42-ամյա կասկածյալը հայտնաբերվել ու ձերբակալվել է օգոստոսի 29-ին և տվել խոստովանական ցուցմունք։ Հանցագործության գործիք մուրճը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար: