ՀայաստանՍնունդ

Կոտայքի մարզում կասեցվել է հացի արտադրամասի աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Հակոբյանին պատկանող հացի արտադրամասում, որը գտնվում է ք. Հրազդանում։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ արտադրամասը աշխատում է սանիտարահիգիենիկ խիստ խախտումներով, որոնք կարող են վտանգել սպառողների առողջությունը։

Նախ արտադրական շինությունների պատերի, առաստաղների, հատակի և պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, օդափոխության սարքերի քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից։

Արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը սահմանված չի եղել, սարքավորումները, գործիքները և պարագաները չեն պահվել նորոգ վիճակում, իսկ անձնակազմի համար հանդերձարան չի ապահովվել։

Հաշվի առնելով վերը նշված խախտումները, հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար։

Սեդա Մարտոյան