
Արցախ վերադարձի հարցը և խաղաղության մարտահրավերը․ Շահրամանյանի ու Փաշինյանի տեսակետները տարբերվում են
Արցախի վերադարձի և տեղահանված անձանց հարցը շարունակում է մնալ լուրջ քննարկման առարկա, և դրան առնչվող դիրքորոշումները տարբեր են։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ընդգծեց.
Մեր ծննդավայր, մեր հայրենիք վերադառնալու հարցը մեր իրավունքն է՝ միջազգային տեսակետից, և մենք չենք պատրաստվում դրանից հրաժարվել։ Արցախցին իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք, իր տուն, իր գերեզմանների մոտ։ Դա մեզ համար փակ հարց չէ»։
Շահրամանյանը նշեց, որ «ինչպես» հարցը պետք է քննարկվի և դրա լուծումը պահանջում է բանակցությունների հնարավորություն ստեղծել։ Նա անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ ասելով, որ իրենք դրան դեմ են արտահայտվել, քանի որ այն միջազգային հարթակներում միակ մեխանիզմն էր, որը զբաղվում էր Արցախի հարցով։ Միաժամանակ, Մինսկի խմբի գոյության ժամանակահատվածում ևս արցախցիները բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից։ Շահրամանյանը հույս հայտնեց, որ ապագայում կստեղծվեն այլ մեխանիզմներ՝ վերադարձի հնարավորության ապահովման համար։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունը այս տարի պաշտոնական կերպով չի շնորհավորել Արցախի անկախության օրը և հանդես չի եկել որևէ հայտարարությամբ։ Հիշեցնենք, որ 2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցապի անկախության օրվան նվիրված իր ուղերձում ընդգծել էր, որ պատերազմներից հետո Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները և նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։
Նույն խնդրին անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն այսօր ընդգծում է, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու հնարավոր չէ իրական խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Նա ընդգծել է, որ տեղահանված անձանց վերադառնալու թեման ներկայումս կարող է վտանգավոր լինել։ Նրա խոսքով՝ «Արցախի քաղաքացիները մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։