
Վտանգավոր պանիրների արտադրությունը դադարեցվել է Երևանում
Երևանում դադարեցվել է «Գոլդեն Գոութ» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի որոշ արտադրատեսակների արտադրությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության «Չանախ» և «Լոռի» պանիրների նմուշներում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար։
Ստուգումը իրականացվել է Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի բաժնի կողմից։ Արտադրամասից վերցված նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով արձանագրվել է խախտում։ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող արտադրանքը համարվել է վտանգավոր և անմիջապես արգելվել է դրա արտադրությունը։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ ընկերությանը ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար։ Բացի այդ, տնտեսվարողին պարտավորեցվել է շուկայից հետ կանչել արդեն իսկ իրացվող խմբաքանակները, կանխել դրանց վաճառքը, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպել ոչնչացում կամ օգտահանում։