ԺամանցՀայաստան

Գրքի երևանյան միջազգային փառատոնին

Երևանը սեպտեմբերի 5-7-ը ընդունելու է Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը՝ «Book Fest 2025»-ը: Գրքի տոնավաճառը կկազմակերպվի Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակում, իսկ միջոցառումները կանցկացվեն նաև Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:

Փառատոնին կմասնակցեն ավելի քան 50 հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ և կրթամշակութային հաստատություններ՝ առաջարկելով զեղչեր: Բացման արարողությունը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծեց, որ փառատոնը շահույթ չի հետապնդում, և բոլոր տաղավարները տրամադրվում են անվճար՝ ստեղծելով բաց և հասանելի միջավայր գրահրատարակչական ոլորտի համար:

Այս տարի առաջին անգամ կներկայացվի Սարոյանի անվան մրցանակը՝ անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների համար, որը խրախուսում է պատմվածագրությունն ու գրական վարպետությունը:

Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանի խոսքով՝ գրական մրցույթին այս տարի մասնակցել է 108 գրող 25 երկրից, այդ թվում՝ Մալթայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Նիգերիայից, Գերմանիայից:

Նախաձեռնվել է նաև Միջազգային հրատարակիչների ֆելոուշիփ ծրագիր՝ խթանելու համար հայ գրականության համաշխարհային ճանաչումը։ Հայաստան են ժամանելու հրատարակիչներ Հունաստանից, Վրաստանից, Իտալիայից, Լատվիայից: Նրանք պարտավորվում են որևէ հայ հեղինակի ստեղծագործություն թարգմանել իրենց երկրի լեզվով:

Փառատոնի փակման արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ կհայտարարվեն Սարոյանի անվան կարճ արձակի և գրական մրցույթի հաղթողները:

Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչական ոլորտի ամենամեծ իրադարձությունն է և անցկացվում է 2017 թվականից։ Նախորդ տարի փառատոնը ունեցել է ավելի քան 30,000 այցելու՝ ներառյալ հարևան երկրներից: Փառատոնի հիմնադիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է, գլխավոր հովանավորը՝ Երևանի քաղաքապետարանը: