
Հայտնի է, թե ինչու են դադարեցվել Երևան-Կապան-Երևան չվերթերը
Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են՝ «Նովէյր» ընկերության օդանավի պլանային տեխնիկական սպասարկման պատճառով։ Ինչպես Սյունիք TV–ին հայտնել է ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը։ Վարդանյանի խոսքով՝ սպասարկումը կարող է տևել մինչև 4 ամիս։ Դրանից հետո չեխական L-410 ինքնաթիռը կվերադառնա գիծ։ Մինչ այդ ընկերությունը փորձում է գտնել փոխարինող օդանավ, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնի չվերթները։
Այս տարվա ապրիլից ուղևորահոսքի աճի պատճառով Երևան–Կապան–Երևան թռիչքների հաճախականությունը մեծացվել էր՝ շաբաթական 3-ի փոխարեն 5 անգամ։ Թռիչքը թույլ էր տալիս ճանապարհը հաղթահարել մոտ 40 րոպեում։ 2025-ի հունվարից մինչև սեպտեմբեր իրականացվել է 95 չվերթ՝ 2024-ի համեմատ 19-ով ավելի, և տեղափոխվել է 2 096 ուղևոր։
Այն Հայաստանի երրորդ քաղաքացիական օդանավակայանն է, որը ստացել է IATA կոդ։ Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին Կապանի օդանավակայանում տեղադրվել էին ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարքեր: Այս պահին «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարում միայն Երևանից մեկնող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթեր բացվել նաև այլ երկրներ: «Սյունիք» օդանավակայանը ֆինանսավորվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի կողմից։