ՀայաստանՊատահար

Նախկին ՊՆ պաշտոնյան մեղադրվում է ապօրինի բիզնեսի և փողերի լվացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար։

Քննությամբ պարզվել է, որ պաշտոնյան, զբաղեցնելով բարձր զինվորական պաշտոններ՝ բանակային կորպուսի հրամանատարից մինչև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, փաստացի մասնակցել է առևտրային կազմակերպության կառավարմանը՝ իր բաժնեմասը գրանցելով կնոջ անվամբ։ Ընկերությունը տարիների ընթացքում ստացել է ավելի քան 1 միլիարդ դրամ շահույթ, որի մոտ 251 միլիոն դրամը պատկանել է նրան։

Բացի այդ, գործընկերներից մեկը անգամ մատակարարման գումարները փոխանցել է անմիջապես պաշտոնյայի անձնական հաշվեհամարին։ Ստացված միջոցները հետագայում օրինականացվել են տարբեր բանկային փոխանցումների, փոխարկումների և անշարժ գույքի գործարքների միջոցով։ Մի շարք գույքեր ներդրվել են ընկերության կապիտալում, ապա վաճառվել մոտ 920 միլիոն դրամով։

Հետաքննությունը պարզել է նաև, որ պաշտոնյան թաքցրել է գույքի և եկամուտների մասին տվյալներ՝ հայտարարագրերում չնշելով, օրինակ, մոտ 102 միլիոն դրամ արժողությամբ «Mercedes-Benz S500»-ը և մի շարք այլ եկամուտներ։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 40 միլիոն դրամ գրավ և ՀՀ-ից դուրս գալու արգելք։ Գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ դատարան ներկայացնելու համար։

Սեդա Մարտոյան