ՀայաստանՍոցիալական

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի եղբայրը ձերբակալվել է թմրանյութի և ապօրինի զենքի կասկածանքով

Սեպտեմբերի 3–ին Պարեկային ծառայության գումարտակի աշխատակիցները Փարաքար համայնքում՝ Երևանյան փողոցում, ստուգման նպատակով կանգնեցրել են ավտոմեքենա։ Ըստ ոստիկանության պաշտոնական աղբյուրների՝ մեքենայում գտնվող ուղևորը, նկատելով մոտեցող ուժայիններին, դուրս է եկել մեքենայից և փորձեց փախչել՝ ճանապարհին նետելով իր մոտ գտնվող իրերը՝ այդ թվում ատրճանակ և փոշենման զանգված։

Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել Վաղարշապատի բաժին։ Վարորդի անձնական խուզարկության ժամանակ արգելված որևէ առարկա չի հայտնաբերվել։ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ ոստիկանները շարունակում են փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները։

Նշենք, որ ձերբակալվածը, ըստ մի շարք լրատվամիջոցների տեղեկությունների, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրն է՝ Մկրտիչ Մկրտչյանը։ Տեղեկությունների համաձայն՝ նրան կասկածում են թմրանյութ և ապօրինի զենք պահելու մեջ։

Հատկանշական է, որ Մկրտիչ Մկրտչյանի հետ ավտոմեքենայում եղել է նաև ընկերը, որը փորձել է փախուստի դիմել։ Այս պահի դրությամբ ՆԳՆ–ն չի հրապարակել լրացուցիչ մանրամասներ։