ՀայաստանՄշակույթ

Հայաստանում կանցկացվեն «Սարոյանական օրեր»

Սեպտեմբերի 5–11-ը Վիլյամ Սարոյանի հիմնադրամը կազմակերպում է «Սարոյանական օրեր» մշակութային նախաձեռնությունը, որն առաջարկում է նոր հնարավորություն ծանոթանալու ամերիկահայ մեծ գրողի կյանքին, գործունեությանը և ստեղծագործական ժառանգությանը։ Նախաձեռնությունը իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ։

Միջոցառումների ընթացքում ընթերցողներին կներկայացվեն Սարոյանի 22 անտիպ պատմվածքներ, ինչպես նաև նրա գեղարվեստական ժառանգության ավելի քան 100 աշխատանք, որոնք մինչ այժմ հանրությանը հասանելի չէին։ Սա վերջին 20 տարիների ընթացքում Սարոյանի նոր գործերի ամենամեծ հրապարակումն է, որը տրամադրվել է գրողի արխիվներից։

«Սարոյանական օրերը» կներառեն ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, կինոցուցադրումներ, գրական քննարկումներ և հայ հեղինակների մասնակցությամբ գրական մրցույթ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշում է, որ Սարոյանի ծննդյան օրը հանդիսացել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը, և առաջիկա շաբաթը լի կլինի նրա ստեղծագործությունը և կյանքի ուղին լուսաբանող մշակութային միջոցառումներով։

Սեդա Մարտոյան