
Կառավարությունը նոր կանոններ է սահմանում ալկոհոլի և ծխախոտի վաճառքի համար
Կառավարությունը հաստատել է նոր կարգ, որը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Դրանից հետո ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի մատակարարները պարտադիր պետք է հաշվարկային փաստաթղթերում նշեն հատուկ կոդեր (նույնականացման նշաններ), որոնք ցույց են տալիս ապրանքի ճշգրիտ շարժը։
Նոր համակարգը գործելու է էլեկտրոնային հաշվարկային համակարգով կամ բջջային հավելվածով։ Մատակարարը կոդերը կսկանավորի և կկցի փաստաթղթին մինչև այն ստորագրելը։ Այսպես հնարավոր կլինի տեսնել, թե կոնկրետ ապրանքը որ փուլում է՝ արտադրողի, ներմուծողի, մատակարարի թե գնորդի մոտ։
ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ այս մեխանիզմը թույլ կտա վերահսկել ապրանքների ամբողջական շրջանառությունը և կնպաստի ստվերային առևտրի կրճատմանը։
Միևնույն ժամանակ նոր համակարգը կարող է բարդություն ստեղծել տնտեսվարողների համար․ այն պահանջում է յուրաքանչյուր գործարքի ժամանակ լրացուցիչ գործողություններ, իսկ տեխնիկական խնդիրների դեպքում հնարավոր են մատակարարումների ուշացումներ։