
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ականատես լինել Լուսնի խավարմանը
Սեպտեմբերի 7-8-ի գիշերը Հայաստանի բոլոր մարզերում հնարավոր կլինի դիտել Լուսնի լրիվ խավարումը։ Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 19:28-ին, Լուսինը ամբողջությամբ կծածկվի Երկրի ստվերով 21:30-ին, գագաթնակետին կհասնի 22:11-ին և կավարտվի սեպտեմբերի 8-ին, 00:55-ին։ Այս մասին տեղեկություններ են տարածել Բյուրականի աստղդադիտարանից։
Լուսնի լրիվ խավարումը տեղի է ունենում, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը դասավորվում են ուղիղ գծով, և Լուսինը հայտնվում է Երկրի ամենամութ ստվերում՝ ամբրայում։ Արեգակի լույսը անցնում է Երկրի մթնոլորտի հաստ շերտերով և Լուսնին հաղորդում կարմրա-նարնջագույն երանգ, ինչը տեսանելի կլինի աստղադիտության հետաքրքրասերների համար։
Խավարումը դիտելու համար հատուկ սարքավորումներ պետք չեն, բավարար է բաց երկինք ունեցող տարածք։ Այս աստղագիտական երևույթը հնարավորություն է տալիս հետազոտել ու հասկանալ Երկրի, Լուսնի և Արեգակի հարաբերությունները և հետևել բնական տիեզերական գործընթացներին իրական ժամանակում։
Լուսնի լրիվ խավարումները տեղի են ունենում միջինը մեկ-երկու անգամ տարվա մեջ, բայց տեսանելիությունը յուրաքանչյուր երկրում տարբեր է՝ կախված աշխարհագրական դիրքից։ Հայաստանում վերջին նման խավարումը նկատվել է 2022 թվականի նոյեմբերի 8-ին։