ՀայաստանՊատահար

Նոր մանրամասներ են հայտնի Փարաքարում Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալությունից

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Փարաքարում ոստիկանները ձերբակալել են ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին։ Լրագրողների հետ զրույցում նորությունը հաստատել է ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարը նշել է, որ Մկրտիչ Մկրտչյանի մոտ որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Սակայն նրա ձերբակալումը բացատրվում է այն հանգամանքով, որ ուղևորը փախուստի է դիմել իր մեքենայից՝ նետելով իրեր, որոնց թվում եղել են թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ։ Սարգսյանը ընդգծել է, որ այս հանգամանքներում Պարեկային ծառայության գործողությունը՝ ձերբակալումը, լիովին տրամաբանական էր։

Նախարարը նաև նշել է, որ նախաքննությունն այն կպարզի, թե արդյոք Մկրտիչ Մկրտչյանը փոխանցել է պայուսակը մյուս ուղևորին, թե այն իրոք ընկերոջ պայուսակն էր։ Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե նա ազատ է արձակվել, թե ոչ։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին՝ Մկրտիչ Մկրտչյանին գիշերը ձերբակալել են թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Պարեկային ծառայության գումարտակի աշխատակիցները Փարաքար համայնքում՝ Երևանյան փողոցում, ստուգման նպատակով կանգնեցրել են ավտոմեքենա։ Ըստ ոստիկանության պաշտոնական աղբյուրների՝ մեքենայում գտնվող ուղևորը, նկատելով մոտեցող ուժայիններին, դուրս է եկել մեքենայից և փորձեց փախչել՝ ճանապարհին նետելով իր մոտ գտնվող իրերը՝ այդ թվում ատրճանակ և փոշենման զանգված։