ՀայաստանՌազմական

Վարժական հավաքներից խուսափողները կարող են պատժվել 1-3 տարվա ազատազրկմամբ

Նախատեսվում է ավելի հստակ սահմանել, թե երբ և ինչպես է հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկել վարժական հավաքներից խուսափող անձանց։ Այս հարցն այսօր՝ սեպտեմբերի 5-ին քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության և և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում։

Օրենքում կսահմանվեն խուսափելու բոլոր հնարավոր ձևերը՝ սկսած հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայանալուց մինչև վարժական հավաքին մասնակցությունից հրաժարվելը կամ առողջական վիճակի ստուգում չանցնելը։ Վարժական հավաքից խուսափելու համար պատիժը կարող է լինել՝

— տուգանք՝ 15-30 անգամ միջին աշխատավարձի չափով,
— կարճաժամկետ ազատազրկում՝ մինչև 2 ամիս,
— կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով։

Օրենքը խստացնում է պատիժը, եթե խուսափելն իրականացվել է խաբեությամբ, փաստաթուղթ կեղծելով կամ իր սեփական առողջությանը վնաս հասցնելու ձևով։

Նոր փոփոխությունների շնորհիվ Ռազմական ոստիկանությունը կկարողանա աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ գտնելու և ներգրավելու այն անձանց, որոնք չեն ներկայացել հաշվառման կամ խուսափել են վարժական հավաքներից։ Ընդգծվում է, որ Ռազմական ոստիկանությունը լիազորվում է նաև ձերբակալված զինծառայողներին անհրաժեշտ վայրերում ուղեկցելու համար՝ քննչական ու դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով։

Նախագծի փաթեթը հավանություն է ստացել ԱԺ պաշտպանության հանձնաժողովում և առաջիկայում կքննարկվի լիագումար նիստում։