ՀայաստանՊատահար

Հայտնաբերվել է կեղծ օղու մեծ խմբաքանակ

Մայրաքաղաքում և մարզերում անցկացված լայնածավալ գործողությունների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 1700 շիշ կեղծ օղի։ Ստուգվել է 47 առևտրի կետ, որտեղ վաճառքի էին դրված շշեր շուկայականից զգալիորեն ցածր գնով և կեղծ ակցիզային դրոշմանիշներով։ Խմբաքանակը ամբողջությամբ առգրավվել է, իսկ այժմ պարզվում են հանցավոր սխեմաների կազմակերպիչները։

Հետաքննության ընթացքում արդեն իսկ բացահայտվել են նույնականացման նշանների բազմակի օգտագործման դեպքեր։ Հավաքված տեղեկությունները ուսումնասիրվելուց հետո կուղարկվեն Քննչական կոմիտե։ Այս տարվա ընթացքում միայն նմանատիպ փաստերով հարուցվել է 14 քրեական գործ։

ՊԵԿ-ը զգուշացնում է, որ խաղողի օղու անվան տակ ցորենի օղի վաճառելը ոչ միայն հարկերից խուսափելու փորձ է, այլև սպառողի նկատմամբ խաբեություն։ Արտադրողներին հորդորում են խմիչքները իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով, իսկ առևտրի կետերին կոչ է արվում չվաճառել անհայտ ծագմամբ կամ չափազանց էժան օղի։ Սպառողներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել գներին ու նույնականացման նշաններին և անհրաժեշտության դեպքում դրանք ստուգել E-MARK հավելվածով։

Սեդա Մարտոյան