
Հայաստանում շարունակվում է ծնելիության նվազման միտումը
Հայաստանի ժողովրդագրական պատկերը մտահոգիչ է մնում։ 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին ծնելիությունը նվազել է 5․4 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 17 568 երեխա, մինչդեռ 2024 թվականի առաջին յոթ ամիսներին ծնվածների թիվը կազմել էր 18 577։
Նույն ընթացքում գրանցվել է 268 մեռելածնության դեպք, ինչը 13․1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։
Մահացության մակարդակը երկրում գրեթե անփոփոխ է․ 2025-ի հունվար-հուլիս ամիսներին մահացել է 15 065 մարդ, ինչը 0,3 տոկոսով ավելի է, քան 2024-ին։
Այսպիսով, կյանքի ինդեքսը (ծնվածների և մահացածների հարաբերակցությունը) կազմել է 116,6 տոկոս՝ նախորդ տարվա 123,6 տոկոսի փոխարեն։
2024 թվականին Հայաստանում ծնելիության մակարդակը նախորդ տարվա համեմատ նույնպես նվազել էր 7,8%-ով։ 2024 թվականիի 11 ամիսներին մեր երկրում ծնվել է 30 916 երեխա, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրեթե 2,5 հազարով ավելի շատ երեխա է լույս աշխարհ եկել։
Մասնագետները նշում են, որ ծնվածների թվի զգալի կրճատումը պետք է սկսվեր 2026-2027 թվականներից և շարունակվեր մինչև 2030 թվականը, սակայն գործընթացը ժամանակից շուտ է սկսվել։
Ըստ ՄԱԿ-ի՝ 2019 թվականի հետազոտության՝ Հայաստանի մշտական բնակչությունը 2050-ին կկազմի 2.5 միլիոն: