ՀայաստանՍոցիալական

Բռնություն գործադրած անձինք կենթարկվեն էլեկտրոնային վերահսկողության

Հայաստանում նախատեսվում է կիրառել ընտանեկան բռնության կանխարգելման նոր մեխանիզմ։ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է օրենքների փաթեթ, որով բռնություն գործադրած անձանց կպարտադրվի կրել էլեկտրոնային հսկողության սարք՝ GPS թևնոց։ Այս քայլը նպատակ ունի պաշտպանել զոհերին և կանխել բռնարարի կողմից նոր միջադեպերի վտանգը։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ նախագծով սահմանվում է պարտավորություն բռնարարի համար՝ կրել հսկողության միջոցը, իսկ հրաժարվելու կամ խուսափելու դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ մինչև մեկ տարի ազատազրկմամբ։

Նրա ներկայացրած տվյալներով՝ միայն 2025 թվականի առաջին հինգ ամիսներին ընտանեկան բռնության դեպքերով արձանագրվել է 234 նախազգուշացում, կիրառվել է անհետաձգելի միջամտության 701 դեպք, իսկ հաշվառման մեջ գտնվում է 1917 անձ։

Օրենքի փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2026 թվականի մարտի 1-ից։ Մինչ այդ պետությունը պետք է ապահովի տեխնիկական ու իրավական բոլոր պայմանները, որպեսզի թևնոցների կիրառումն արդյունավետ և գործնականում իրագործելի լինի։

Սեդա Մարտոյան