
Երևանում կասեցվել է սուշիի արտադրամասի գործունեությունը
Երևանում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի աշխատանքը՝ սանիտարահիգիենիկ կանոնների խախտումների պատճառով։
Քննության ընթացքում պարզվել է, որ արտադրամասի հատակները, պատերը և մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտ լվացվող և ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է ուղղակի արտադրական տարածք, ինչը խախտում է սննդամթերքի անվտանգության նորմերը։
Բացի այդ, տեսչական մարմնի տվյալներով, արտադրամասում չի պահպանվել աշխատակիցների հիգիենայի վերահսկման պարտադիր ընթացակարգը, ախտահանման նյութերի օգտագործման կանոնները, ինչպես նաև սննդամթերքի պահպանման և տեղափոխման կարգը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանել է ժամկետ՝ բոլոր խախտումները վերացնելու և կանոնները կատարելու համար։ Այս ընթացքում արտադրամասի գործունեությունը կասեցված է։