
Հայաստանում միջազգային որդեգրումները շարունակում են նվազել
Այս պահին Հայաստանում մանկատներում խնամվում է 366 անչափահաս, որոնց մեծ մասը ծանր և բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ են։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ որդեգրման թիվը գրեթե անփոփոխ է. միջինում տարեկան որդեգրվում է մոտ 25 երեխա, իսկ միջազգային որդեգրումների թիվը նվազել է՝ տարեկան հասնելով 1-2-ի։ Հիմնականում միջազգային որդեգրման ենթարկվում են երեխաները, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ։
Ավելի վաղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել էր, որ որդեգրման ընդհանուր թիվը վերջին տարիներին գրեթե նույն է մնացել. 2021 թվականին օտարերկրացիները որդեգրել են 5 երեխա, 2022-ին՝ 4, 2023-ին՝ 2, 2024-ին՝ 1։
Նրա խոսքով՝ 2023 թվականին ՀՀ մանկատներից ընտանիք է վերադարձվել 7 երեխա, ճգնաժամային խնամքի կենտրոններից՝ 80 երեխա, իսկ 2024 թվականին՝ համապատասխանաբար 3 և 49 երեխա։
Նշվում է նաև, որ «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառման համար 2024 թվականի պետական բյուջեով մեկ շահառուի տարեկան ծախսը կազմում է 4 միլիոն 168 հազար 775 ՀՀ դրամ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխաներիր որդեգրման կարգում որ փոփոխություններ կարվեն Հայաստանում։