
Հայաստանում կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել․ գործով անցնում են 6 անձ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի և ևս հինգ անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է, որ Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը, համագործակցելով քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի և հողաշինարարի որակավորում ունեցող անհատ ձեռնարկատերերի հետ, կաշառքի դիմաց ապահովել է Արտաշատ քաղաքում գտնվող ինքնակամ շինությունների կեղծ տվյալներով անխոչընդոտ գրանցումը։ Ստացված կաշառքի մի մասը փոխանցվել է պաշտոնատար անձին։ Բացի այդ, անհատ ձեռնարկատերերը, Արտաշատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի նախկին աշխատակցի և նախագծման աշխատանքներ իրականացնող մեկ այլ անձի տրամադրած տեղեկությունների միջոցով, կազմել են մեկ այլ քաղաքացու բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման նախագծային կեղծ փաստաթղթեր։
Նշված հանցավոր արարքների համար մեղադրանք է առաջադրվել վեց անձի։ Կադաստրի կոմիտեի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար, նրա նկատմամբ կիրառվել է կալանք։ Կաշառք ստանալուն օժանդակելու և խմբի կազմում կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար մեղադրանք է առաջադրվել նաև երկու անհատ ձեռնարկատերերի․ նրանցից մեկը կալանավորված է, մյուսը՝ տնային կալանքի տակ։ Մեղադրանք է ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացուն և կեղծ փաստաթղթեր պատրաստելուն օժանդակած անձանց։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։