
Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Լևոն Արոնյանի հետ «Գրանդ Սվիս 2025»-ում
«Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 5-րդ տուրում հայ գրանդմաստեր Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ Լևոն Արոնյանի հետ։
Շանթ Սարգսյանը ներկայացնում է Հայաստանը։ Նա ներկայումս ունի մոտ 2637 ՖԻԴԵ վարկանշային միավոր։ Լևոն Արոնյանը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի առաջատար շախմատիստը, ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ ֆեդերացիայով և ունի մոտ 2730 վարկանշային միավոր։
5-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես վաստակել է 3 միավոր՝ ոչ-ոքի խաղալով Յորդեն Վան Ֆորեստի հետ։ Հաջորդ տուրում Ռոբերտը մրցելու է Վինսենթ Կայմերի հետ, իսկ Շանթը՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։
Մրցաշարի մյուս հայ մասնակիցները՝ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը, ունեն 2-ական միավոր։
Մրցաշարի միանձնյա առաջատարն այս պահին Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդլուն է՝ 4.5 միավորով։ Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 2.5, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 1.5 միավոր։
Վեցերորդ տուրը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով 14։00-ին։